Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Արման Սարոյանի և մյուս կարգալույծների հոգևոր ինքնասպանությունը

Արման Սարոյանի և մյուս կարգալույծների հոգևոր ինքնասպանությունը
29.01.2026 | 12:35

Հուսով եմ, որ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) իր լծակից կարգալույծ Ստեփանի (նախկին տ.Արամ) ու Արամայիսի (նախկին տ.Թադե) նման անվավեր «խորհուրդներ» չի հանդգնի կատարել ու վերջապես կազատի Մասյացոտնի թեմի զավթած առաջնորդարանի շենքը: Առաջնորդարանը որևէ մարդու կամ մարդկանց խմբակի սեփականությունը չէ, այլ՝ Մայր Եկեղեցունը։ Այնտեղ բնակվելու և այնտեղից գործելու իրավունք ունի միայն նա, ով ունի Մայր Աթոռի կողմից դրա համար ստացված լիազորություն։ Զավթել առաջնորդարանի շենքը և այն վերածել ապստամբության որջի՝ նշանակում է նմանվել այն ավազակներին (Մատթ. 21:13), որոնց Քրիստոս խարազանով վռնդեց Տաճարից (Յովհ. 2:15):

Երբ մարդը զրկվում է քահանայական կամ եպիսկոպոսական շնորհից, նրա ձեռքով կատարված ցանկացած «արարողություն» հոգևոր տեսանկյունից ոչ միայն դատարկ է, այլ նաև խիստ վտանգավոր։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում կարգալույծների կողմից, հոգևոր ու աշխարհիկ հանդգնության գագաթնակետն է։

Սրանք սուտ հովիվներ ու զավթիչներ են, խաբեբաներ՝ կարգից, շնորհից, օծումից, ձևից ու նշանից զրկված: Սրանց մասին Տեր Հիսուս զգուշացրեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ» (Յովհ. 10:1):

Երբ Եկեղեցին հոգևորականին զրկում է կարգից, նա դառնում է սովորական աշխարհական։ Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և հայհոյություն Սուրբ Հոգու դեմ: Սա պարզապես վարչական սխալ կամ կարգապահական խախտում չէ, այլ հոգևոր կեղծիք, որը գայթակղության մեջ է գցում մարդկանց և նենգաբար հարվածում Եկեղեցու նվիրապետության հիմքերին։

Եկեք քննենք հերթով.

1. Կարգալույծները խաբում են պարզամիտ հավատացյալներին՝ նրանց մատուցելով «դատարկ բաժակ»։ Նրանք չեն փոխանցում Աստծո օրհնությունը, այլ մասնակից են դարձնում մոլորվածներին իրենց ըմբոստությանը:

2. Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգուն անվանեց «Ճշմարտության Հոգի» (Յովհ 14:17): Իսկ կարգալույծը, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե Պպատարագ է մատուցում կամ մկրտություն անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։

3. Ճշմարտության Հոգու Անունն օգտագործել ստի և խաբեության մեջ՝ նշանակում է ուղղակիորեն հակառակվել Նրան։ Սա սրբապղծություն է, որովհետև փորձ է արվում Սուրբ Հոգու շնորհները սեփական անձին վերագրել՝ մարդկանց մոլորեցնելու համար։

4. Եկեղեցական խորհուրդները (Մկրտություն, Պսակ, Ս.Հաղորդություն) կատարվում են Սուրբ Հոգու էջքով և ներգործությամբ։ Բայց այդ շնորհը տրվում է Եկեղեցու միջոցով՝ Առաքելական հաջորդականությամբ, որից զրկվում են կարգալույծները:

5. Երբ մարդը կտրվում է այդ հաջորդականությունից (կարգալույծ է լինում), նրա ձեռքերից վերանում է խորհուրդներ կատարելու իշխանությունը։

6. Շարունակելով կատարել այդ արարողությունները՝ նա փորձում է «գողանալ» Աստծո շնորհը (ինչն իհարկե անհնար է) կամ նմանակել այն։ Սա նման է Սիմոն Մոգի մեղքին, ով կարծում էր, թե Սուրբ Հոգու շնորհը կարող էր արծաթով գնել և դարձնել իր սեփականությունը: Պետրոս առաքյալը նրան սաստեց. «Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ» (Գործք 8:9-24)։ Մոգը փորձեց, իսկ սրանք գիտակցված չարիքի մեջ են հաստատվել:

7. Երբ Աստծո շնորհը չունեցողները (սրանց նմանները) փորձեցին չար ոգով բռնվածների վրա կանչել Տեր Հիսուսի անունը, չար ոգին նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք» (Գործք 19:15):

8. Անհնար է վավերական Պատարագ մատուցել, եթե կարգալույծ ես կամ նույնիսկ կարգի մեջ, բայց կտրված ես Եկեղեցու նվիրապետական կարգից: Դա անելով նրանք մարդկանց փրկության փոխարեն դատապարտություն են հրամցնում:

9. Նրանց արածը ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ սրբապղծություն և ժողովրդի խաբեություն։ Նրանք դարձել են «հափշտակող գայլեր՝ ոչխարի զգեստներով» (Մատթ 7:15), որոնք փնտրում են ոչ թե Աստծո փառքը, այլ պատվիրատուների ու սեփական «ես»-ի հաստատումը։

10. Կարգալույծը, խաբելով հավատացյալին, նրան զրկում է իրական հաղորդությունից։ Մարդը կարծում է, թե ստացավ Քրիստոսի Մարմինը, բայց իրականում ստացավ պարզապես հաց ու գինի՝ մատուցված մի ապստամբ սրբապիղծի կողմից։ Սա հոգևոր թույնով շարունակական սպանություն է, իսկ Սուրբ Հոգին Կյանք տվողն է։ Կյանքի փոխարեն կեղծիք ու խաբեություն մատուցելը հակառակություն է Սուրբ Հոգուն։

11. Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը աններելի է համարվում այն պատճառով, որ մարդը գիտակցաբար մերժում է ճշմարտությունը և փակում ապաշխարության դուռը։ Եթե Ստեփանը, Արամայիսը կամ մյուսները գիտեն, որ իրենք կարգալույծ են, բայց շարունակում են ձևացնել, թե հոգևորական են, նրանք գտնվում են հաստատուն չարության մեջ։

12. Նրանք այլևս չեն լսում Սուրբ Հոգու ձայնը, որը կանչում է զղջման, այլ լսում են իրենց հպարտությամբ սնվող չարի կողմից խրախուսվող «ես»-ի հրամանները միայն։ Այս վիճակում մնալը հենց այն աններելի վիճակն է, որի մասին զգուշացրել է Տերը։

Ամփոփում

Արմանը, Ստեփանը, Արամայիսը և մյուս կարգալույծները պետք է հասկանան, որ Եկեղեցին շինություն չէ, Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է։ Ոչ մի զավթված բան, այն էլ Մայր Եկեղեցուց զավթածը, երբևէ օրհնություն չի բերում, այլ միայն՝ նզովք: Կարելի է զավթել շենքը, բայց անհնարին է զավթել Աստծո շնորհը։ Ուշ թե շուտ, նրանք ստիպված են լինելու պատասխան տալ թե՛ օրենքի, և թե՛ Աստծո առաջ։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ